Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ
01.09.2016
Սիրելի արցախցիներ,
Քարորդ դար է անցել այն օրից, երբ Արցախի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: Սեպտեմբերի 2-ը համահայկական և համազգային տոն է, քանի որ 25 տարի առաջ միավորվեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայորդիների ուժը՝ ազատ ու անկախ պետություն ունենալու արդար պահանջով: Պայքարեց համայն հայությունը, կռվեց կողք-կողքի և հաղթեց՝ սկիզբ դնելով արցախահայության երազանքի իրագործմանը:
Ապրիլ ամսին Արցախի Հանրապետության սահմանին ծավալված դեպքերը ապացուցեցին, որ Արցախ աշխարհը անառիկ է, քանզի նրա ժողովրդի և հողի պաշտպանության համար կանգնած է ողջ հայությունը: Մեր անձնվեր ու հերոս հայորդիները կյանքի ու մահվան պայքար մղեցին՝ պաշտպանելով իրենց հայրենակիցների օջախները:
Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբեր ամիսը հայ ժողովրդի համար յուրօրինակ արժեք ունի: Օրեր անց մենք տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Պատահական չէ, որ մեր անկախ ու ազատ պետությունների կարևորագույն տոները նշվում են միևնույն ժամանակ: Սա ևս մեկ ապացույց է, որ 1991 թվակականին ծավալված համահայկական, համազգային պայքարի գաղափարներն ու նպատակները արդար են ու ճշմարիտ:
Սիրելի արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ այս կարևորագույն պետական տոնի կապակցությամբ՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքերը. ,,Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ,,:
Արցախ աշխարհին ցանկանում եմ ուժ, կորով, խաղաղություն և բարեկեցություն: