Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սաhմանամերձ համայնքների դպրոցներ
01.09.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այցելել է սահմանամերձ Խաչիկ, Խնձորուտ, Բարձրունի, Մարտիրոս և Զառիթափ համայնքների միջնակարգ դպրոցներ:
Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հանդիպել է ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին: Հ. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև նշված համայնքների բնակիչների հետ:
Բոլոր համայնքներում ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին ներկա են եղել համայնքների ղեկավարները, որոնք նույնպես ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին:
Հարկ է նշել, որ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ տնօրինությունը Վայոց ձորի սահմանամերձ բոլոր համայնքների առաջին դասարանի աշակերտներին նվիրել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Նշենք, որ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել է Գետափ համայնքի հիմնական դպրոց: Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական բոլոր հաստատություններում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչներ: