Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
31.08.2016
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Դպրոցական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում ամենաբարի ու ամենահիշարժանն են: Աշխարհում չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը, կարդալը ու նոր հորիզոններ բացահայտելը: Գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն և ավելի բարի: Ճանապարհը դեպի գիտելիք և կրթություն դժվարին է, պետք է զինվել համբերությամբ և ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու և ցանված սերմերի քաղցր բերքը հավաքելու համար:
Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր ուսուցիչներին: Ձեզ է վստահված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր ու դժվարին գործը: Դուք ձեր սաներին օգնում եք բացել գիտության գաղտնի դռները, բացահայտում հայ ազգի ապագա հանճարներին՝ նրանց մեջ սերմանելով սերն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ ու դաստիարակելով Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, սիրելի մանկավարժներ, ձեր շնորհակալ և պատվաբեր աշխատանքում:
Առանձնահատուկ ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր փոքրիկներին: Թող դպրոցական աշխարհը լեցուն լինի անհոգ ու լուսավոր ապրումներով, բազում հետաքրքիր ու գեղեցիկ ակնթարթներով: Ցանկանում եմ, որ ուսումնառության այս տարիները ձեզ համար լինեն ամենահիշարժանը, որպեսզի դպրոցը դառնա սովորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հիմնարար սյուն:
Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ,
Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի, նոր ու հետաքրքիր բացահայտումներ ու գերազանց գնահատականներ:
Բարի երթ: