Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ
25.08.2016
Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, <Արենի> Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Արենի և Խաչիկ համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Տոնական միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի Խաչիկ համայնքում՝ սեպտեմբերի 24-ին, որտեղ արդեն 3-րդ անգամ կանցկացվի <Գաթայի փառատոն>: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են ազգային երգ ու պար, ազգային խաղեր, գաթայի պատրաստման մրցույթ:
Սեպտեմբերի 30-ին Ռինդ համայնքում կանցկացվի Ռինդ համայնքի օրը, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Արենի գինու 8-րդ ավանդական փառատոնը:
<Արենի>Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի Արենիի գինու փառատոնը լուսաբանելու համար հրավիրվել են ասիական և եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստաալիքներ:
Տեղեկացնենք, որ այս միջոցառումները կուղեկցվեն ազգային, ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ազգային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով, ինչպես նաև կանցկացվեն մրցույթներ:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները մեծապես նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը և մարզում զբոսաշրջության ակտիվացմանն ու զարգացմանը:
<Սա Վայոց ձորի համար հրաշալի առիթ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և մասշտաբների ընդլայնման, ինչպես նաև հայկական գինեգործության ակունքների ճանաչման և մարզը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու համար>,-ասաց Հ. Սարգսյանը: