Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 22-ին կմեկնարկի <<Բազե-2016>> համահայկական երիտասարդական հավաքը
19.08.2016
Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում, արդեն 14-րդ անգամ, կմեկնարկի ,,Բազե,, համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:
Նշենք, որ այս տարի հավաքին կմասնակցեն շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։
Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն):
Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։
Վայոց ձորից ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաք են մեկնել 9 երիտասարդներ, որոնք իրենց ուժերը կչափեն հետևյալ մրցույթներում ՝ երգ, պարի, նկարչության, բրեյն ռինգ, սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, լող, վոյելբոլ և ֆուտբոլ:
Տեղեկացնենք, որ ,,Վայոց ձոր,, ջոկատի անդամների ընտրություն տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում: Նախընտրական փուլին մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ: