Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է <<Ես մենակ չեմ>> խորագրով ամառային ճամբար
17.08.2016
Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում յուրահատուկ մթնոլորտ և տրամադրություն էր տիրում, որի գլխավոր ,,մեղավորները,, երեխաներն էին. տեղի ունեցավ ,,Ես մենակ չեմ,, երկշաբաթյա ամառային ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը: Ճամբարի իրականացման գաղափարը պատկանում է Վայոց ձորի թեմի առաջնորդարանի աշխատակից, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն,, ՀԿ-ի անդամ Խնկանուշ Մարկոսյանին:
Ճամբարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ներկայացուցիչներ Եղեգնաձորի քաղաքապետարանից, ծնողներ, բազմաթիվ երիտասարդներ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով:
Այս հրաշալի մտահաղացումն իրականաթյուն դարձնելու գործում իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, մարզի մի շարք համայնքներ և Վայոց ձորի թեմի առաջնորդարանը:
Ինչպես նշեցինք, ճամբարը գործելու է մինչև օգոստոս ամսվա վերջը՝ ժամը 9:30-ից մինչև 12:30: Ճամբար են հաճախելու 9-15 տարեկան երեխաներ, որոնց շարքում ընդգրկված են ներառական դասարաններում սովորող երեխաներ: Եվ պատահական չէ ,,Ես մենակ չեմ,, խորագիրը, քանի որ այս ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամ երեխաների ինտեգրումն է և այն գաղափարը, որ նրանք մեր հասարակության լիիրավ անդամներն են:
Երեխաների առօրյան հետաքրքրաշարժ, ակտիվ ու բովանդակալից դարձնելու համար անցկացվելու են տարաբնույթ խաղեր: Երեխաները զբաղվելու են մարմնամարզությամբ, երգ ու պարով, խեցեգործությամբ, նկարչությամբ, գործելու են մի շարք այլ խմբակներ: Երեխաների համար անցկացվելու են մանկական Աստվածաշնչի ընթերցանության ժամեր:
Ճամբարի բացման արարողությունը համեմվեց երեխաների ուրախ երգ ու պարով, ասմունքով: