Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը
28.07.2016
2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող << Հույս 98>>, <<Շուշան>>, <<Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցացիա>> և <<Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն>>հասարակական կազմակերպությունների նախագահները:
Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ մարզում ընթանում է համայնքների խոշորացման գործընթացը Ջերմուկի, Վայքի և Զառիթափի փնջերում, որը համայնքների համար տարբեր ծրագրերի մեջ ընդգրկելու հնարավություն է տալիս, որոնց միջոցով կընձեռվի փոքրաթիվ համայնքների, խոշորացումից հետո՝ բնակավայրերի համայնքային հրատապ խնդիրների լուծմանը:
Մարզպետը նշեց, որ մարզում պատշաճորեն նշվել են պետական տոները, կազմակերպվել են մշակութային փառատոներ և մարզական մրցույթներ, ինչպես նաև մասսայական միջոցառումներ:
Հ. Սարգսյանն ասաց, որ բարձր պատասխանատվությամբ կատարվել է ձմեռային զորակոչի առաջադրանքը և կազմակերպվել է նորակոչիկներին հանդիսավորությամբ բանակ ճանապարհելու աշխատանքները:
Ներկայացվեց մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները:
Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին սոցիալական և առողջապահական, գյուղատնտեսության և ոռոգման խնդիրներին, ինչպես նաև մթերումների գործընթացին, մարզի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր : Մարզպետ Հ. Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգամանորեն: