Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն
20.07.2016
Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Պատվիրակությանն ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպման սկզբում կողմերը ողջունեցին միմյանց և փոխադարձորեն ծանոթացան հանդիպման մասնակիցներին:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց այցի նպատակն ու առաքելությունը: Դեսպանը նշեց, որ համաձայն տարածաշրջանների համաչափ զարգացման ծրագրի, այցելել են Վայոց ձորի մարզ ծանոթանալու մարզի տնտեսությանը և պարզելու տնտեսության զարգացման հնարավոր ուղղությունները:
Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին, առանձնապես կարևորելով նախորդ տարում Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման փաստը, որը պահածոներ է պատրաստում մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների համարյա ողջ տեսականիով և առաքում Չեխիայի Հանրապետություն, ՌԴ և ԱՄՆ: Մարզի ղեկավարը նշեց, որ մարզում առկա են գինեգործության և զբոսաշրջության ոլորտների զարգացման մեծ հնարավորություններ և ներկայացրեց ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը: Հ. Սարգսյանը նշեց այդ ոլորտների զարգացման տեմպերն ավելի արագացնելու համար առանձին ենթակառուցվածքների՝ մինչհամայնքային և ներհամայնքային հանդամիջյան ճանապարհների, ոռոգելի և խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի վերանորոգման, պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում սպասարկման սրահների կառուցման անհրաժեշտության մասին: Մարզպետը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում խոշորացվող համայնքներ Զառիթափում բացվել է <<Քաղաքացիների սպասարկման կենտրոն>>, իսկ Վայքում՝ <<Ինֆո-կենտրոն>>: Ընթացիկ տարում մարզկենտրոն Եղեգնաձորում հիմնվել է <<Կանանց ռեսուրս կենտրոն>>: Համագործակցությունը նպաստել է նաև մարզի գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը, առանձնապես մաքուր մեղրի արտադրությանը: Մարզպետն ասաց, որ մարզի տնտեսության ոլորտում հեռանկարային զարգացման հնարավորություն է նաև հանքարդյունաբերությունը: Հ. Սարգսյանը ներկայացրեց Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացման ծրագրերի իրականացման համար ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ձեռնարկվելիք քայլերը: Նշեց նաև վերջերս ՀՀ վարչապետի մարզ կատարած այցի շրջանակում ՏԻՄ-երի զարգացման խնդիրների քննարկման ընթացքում արված առաջարկությունների մասին:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին ափսոսանք հայտնեց Վայոց ձորի մարզ ուշ այցելության համար, սակայն պատրաստակամություն հայտնեց առաջիկա ակտիվ համագործակցության: Դեսպանը նշեց ԵՄ և ՀՀ համագործակցության 3 հարթակները՝ <<Նոր շրջանակային համաձայնագիրը>>, որպես համագործակցության իրավական հիմք, <<Գործընկերության առաջնահերթությունները>> որպես վարվող քաղաքականության հիմք և <<Մինչև 2020 թվականը համագործակցության ուղղությունները>> որպես տնտեսության զարգացման ուղղությունների որոշում: Դեսպանն ասաց, որ մարզպետի կողմից բարձրացված ճանապարհների վերանորոգման խնդիրներն առկա են բոլոր մարզերում: Խոսվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհի շարունակության, տարածաշրջանի տարբեր երկրներ իրար կապող նրա` ռազմավարական նշանակության մասին և նշվեց, որ դրանից օգտվելու են նաև այն մարզերի բնակիչները, որոնցով անցնում է Հյուսիս-հարավ ճանապարհը:
Սվիտալսկին ասաց, որ հոկտեմբերին Բրյուսելից ժամանելու է պատվիրակություն, որը քննարկելու է մինչև 2020թ. համագործակցության ուղղությունները, կարևորելով՝ տարածքների համաչափ զարգացման խնդիրները, ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնման և ֆինանսական հնարավորությունների ստեղծման հարցերը: Իսկ Վայոց ձորի մարզում համագործակցության շրջանակում կիրականացվեն ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: