Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվել է ազատամարտիկ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը

18.07.2016

 2016 թվականի հուլիսի 14-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական
ստեղծագործության կենտրոնում բացվել է ազատամարտիկ, Վայոց ձորի Սերս համայնքի բնակիչ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը, <<Այս աշխարհի իմ անկյունը>> խորագրով: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նրա վրձնարվեստը բարձր գնահատող արվեստագետներ, հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից, հարազատներ, համերկրացիներ:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի բացման խոսքից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Տերունական աղոթքով սկսվեց բացման հանդիսությունը: Արցախյան ազատամարտում աջ թևի աշխատունակությունը կորցրած, նկարելու իր տաղանդը կտավին տալու հնարավորությունից զրկված Վահրամ Միքայելյանի մասնակցությունը ազատամարտին, բարձր է գնահատվել <<Կազակներ և խաղաղարարներ>> միջազգային կազմակերպության գերագույն ատաման գեներալ-գնդապետ Արսեն Պապյանի կողմից, որը Վահրամին արժանացրել է <<Անդրանիկ Օզանյան>> մեդալի և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրել պատվոգրով: Իր խոսքում ԼՂՀ Նախագահի կողմից <<Մարտական ծառայության>> մեդալի արժանացած գեներալ-գնդապետը նշել է, որ Վահրամի հայրենիքին մատուցած ծառայությունները կարող է գնահատել պատերազմի դաշտում խրամատի սառնությունն զգացած և վառոդի հոտն առած յուրաքանչուր ազատամարտիկ:
Վահրամ Միքայելյանին ողջունել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, միջոցառման կազմակերպիչ՝ Վահրամի հայրենակից, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը, միջոցառման կազմակերպչական խմբի անդամ, լրագրող Նարինե Չիլինգարյանը, արվեստաբան Գայանե Ավետիսյանը: Շնորհակալանքի խոսք է ասել Վահրամի քույրը՝ Ալվարդը և մյուս հարազատները: Վահրամի գեղանկարներով տպավորված <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ցուցադրված նկարների ալբոմ հրատարակելու պատրաստակամություն է հայտնել:
Նշենք, որ նկարչի բարձրարվեստ աշխատանքների և առողջական ու հոգեկան վիճակի մասին 2011թվականին բարձրաձայնել էր արմատներով սերսեցի, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը: Նրա կոչին այդ տարիներին արձագանքել է Հանրային հեռուստաընկերության <<Մարդկանց երկիր>> ֆիլմաշարի հեղինակ Սյուզան Սիմոնյանը՝ Վահրամի մասին նկարահանելով <<Սերսի Խենթը>> վերնագրով ֆիլմը, որի դիտումից հետո ԱՄՆ-ում ապրող բանաստեղծ Հայկ Հրայրն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերօրյա Վան Գոգի մասին է այս ֆիլմը, ցնցող պատմություն՝ նվիրված դժբախտ և հանճարեղ նկարչին>>։ Չնայած որ Հայկ Հրայրը գամված է սայլակին, բայց նա և իր ընկերները ձեռք են մեկնել մարդկային ուշադրությունից դուրս մնացած Վահրամին և, Վահրամի բուժման և նկարների ցուցահանդեսի բացման համար գումար ուղարկել: Նախաձեռնող խմբի աշխատանքներին աջակցել են նաև Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին առողջապահական կենտրոնը և <<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Զեփյուռ Սարդարյանն իր ողջույնի խոսքում, հղում կատարելով ֆիլմի վերնագրին, ասաց, որ ոչ միայն Վահրամն է խենթը, այլ նրա վրձնած նկարները ու նրա բնաշխարհը և, ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուրը, ով հասկանում է գույների լեզուն և սիրում ու գնահատում է իր երկիրն ու բնաշխարհը, հոգու խորքում մի քիչ խենթ է:
Ամբողջ միջոցառման ընթացքում աշխարհից խռոված Վահրամը լուռ էր, սակայն նրա փոխարեն խոսում էին իր հոգին ու հայրենյաց բնաշխարհը ներկայացնող կտավները, իսկ ներկաները հուզառատ ու արցունքախառն ծափողջույններ էին հղում սիրելի նկարչին :
Մնում է ավելացնել, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստվում է մարզում նույնպես կազմակերպել Վահրամ Միքայելյանի նկարների ցուցահանդեսը և ապահովել երեկարաժամկետ ցուցադրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28