Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ

13.07.2016

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում, ծանոթացել հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին, ֆիզկուլտուրայի դահլիճների պայմաններին:

Այցի շրջանակներում նախարարը մարզպետ Հարություն Սարգսյանի հետ այցելել է մարզի Մալիշկա համայնքի հանրակրթական դպրոց, ինչպես նաև Վայք քաղաքի մարզադպրոց և վերանորոգված մարզադաշտ:
Նախարարը և նրան ուղեկցող անձինք այցելել են նաև Ելփին, Արենի համայնքների և Եղեգնաձոր քաղաքի մի քանի դպրոցներ, ծանոթացել ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին և առկա գույքային հիմնախնդիրներին: Եղեգնաձորում նախարար Ղազարյանը եղել է նաև քաղաքում գործող բաց լողավազանի տարածքում, շրջայց է կատարել քաղաքի մարզադաշտում:


Վայոց ձորի մարզ այցելության ավարտին նախարար Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:


Նախարարը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին և հորդորել ներկաներին լինել ակտիվ և առանց կաշկանդվելու ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք, ուսուցիչների կարծիքով, խոչընդոտում են ֆիզկուլտուրայի առավել արդյունավետ դասավանդումը: «Ես գիտակցում եմ, որ առկա խնդիրները հնարավոր չէ վերացնել մեկ օրում, որ անհրաժեշտ է երկարատև և հետևողական աշխատանք այդ հիմնահարցերը լուծելու համար: Այդ ամենը մենք պետք է անենք միասին՝ համատեղ ու սրտացավ աշխատանքի միջոցով: Վստահ եմ, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի շտկել առկա թերությունները»,- ասել է Գաբրիել Ղազարյանը: Նա նաև խոսել է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հանրակրթական դպրոցների մարզադահլիճների մշտադիտարկման արդյունքներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի մասին: «Ցանկանում եմ իմանաք, որ հարցը երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է»,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ հանրապետության հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդման և աշակերտների կողմից առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման ուղղությամբ:


Հանդիպման ավարտին նախարարը և մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28