Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի մարզ

09.07.2016

Հուլիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Մարզ կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանում նախարարը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման արդյունքում միավորված համայնքների միջև: Գրասենյակը թույլ կտա վարչական ծառայություններ մատուցել բնակիչներին անմիջապես իրենց բնակավայրերում (այդ թվում՝ առցանց), և միավորված համայնքների բնակիչները ստիպված չեն լինի ծառայություններ ստանալու համար հասնել համայնքային կենտրոն: <<Շուտով կառավարությունը կընդունի Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվում է տարածքներում լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: Մենք կփորձենք ոչ միայն լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, այլև կապահովենք մասնավոր բիզնեսի մուտքը տարածքներ՝ աշխուժացնելով տնտեսական գործոնը>>,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակից դոնոր կազմակերպություններին:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում գրաասենյակի հիմնումը տարբեր կառույցների համագործակցության լավագույն օրինակ է համարել: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, դեսպանը նշել է, որ այդ ծրագրով համայնքների համար լավագույն հնարավորությունները կստեղծվեն:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: 2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է ևս չորս ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում և Արտաշատում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս <<մեկ պատուհան, մեկ կանգառ>> սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:
Այնուհետև Դավիթ Լոքյանը Զառիթափում տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկում է ունեցել համայնքների խոշորացման, ինչպես նաև այս տարածաշրջանում ներդրումային հնարավոր ծրագրերի շուրջ, պատասխանել համայնքապետերին հուզող հարցերին: Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է Զառիթափ համայնքը միացնել հարևան 8 համայնքների (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս) հետ՝ Զառիթափ կենտրոնով:
Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Շենքը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. համայնքը կունենա բարեկարգ մանկապարտեզ՝ շուրջ 55 երեխա ընդունելու հնարավորությամբ:

Աղբյուրը` mta.gov.am, 08.07.2016

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28