Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը

06.07.2016

 Հուլիսի 5-ին Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:
Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Ս. Թարվերդյանը շնորհավորելով նորակոչիկներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ նորակոչ զինվորներին է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն և սրբազան գործը: Այդ պատասխանատու առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք:
Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և Հայոց բանակում մեր մարզի անունը միշտ բարձր են պահել: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Ա. Սարգսյանը մաղթեցին համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:
Նորակոչ հայորդիներին բարի երթ մաղթելու էր եկել օրերս Հայոց բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած վայոցձորցի Հրայր Թադևոսյանը: Հպարտությամբ պետք է նշել, որ Հրայր Թադևոսյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել է <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանով:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի պաշտոնատար այլ անձինք, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, նորակոչ զինվորների ծնողները և հարազատները:
Նորակոչիկներին օրհնեց, հավատով առ Աստված և բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Օրհնություն ստանալուց հետո նորակոչիկները խաչեր նվեր ստացան, որից հետո ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին: Անվտանգ ու խաղաղ ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28