Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
04.07.2016
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարն ու պետականության ապահովման հիմնակառույցն է: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝ այն առավել համահունչ դարձնելով ժողովրդավարական պետությունների գործունեության համար միջազգայնորեն սահմանված ժամանակակից չափանիշներին:
Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
21 տարի առաջ հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ բոլորս հարգենք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և անվերապահորեն ենթարկվենք օրենքների պահանջներին, ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը: