Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառում նվիրված Վարդավառի տոնին
04.07.2016
Այսօր` հուլիսի 3-ին, Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում անցկացվեց տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան մարզի տարբեր համայնքների պարային համույթներ, անհատ կատարողներ: Համերգի ընթացում կազմակերպվեց ֆլեշմոբ, որի ժամանակ հանդիսատեսը, պարային խմբերը և համերգի բոլոր մասնակիցները միասնական և ուրախ պարի էին բռնվել:
Տեղեկացնենք, որ միջոցառման շրջանակում, Եղեգնաձորի ամֆիթատրոնի հարակից այգում, կազմակերպվել էր ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորների վիտրաժի (նկարչություն ապակու վրա), խեցեգործության, ինչպես նաև Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամների բատիկայի (նկարչություն կտորի վրա) աշխատանքները: Ցուցահանդեսը առանձնանում էր նրանով, որ տոնական համերգի և ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնված հենց տեղում փորձել իրենց նկարչական և ձեռագործական ունակությունները: Հարկ է նշել, որ ներակները մեծ բավականությամբ և հետաքրքրությամբ էին մասնակցում այս նախձեռնությանը:
Նշենք, որ համերգի և ցուցահանդեսի ընթացքում տոնական բարձր տրամադրությունը համակել էր ներկաներին: Համերգն ավարտվեց ուշ երեկոյան:
Քրիստոսի Պայծառակերպությունը, կամ Վարդավառը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։
Տոնը հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն։ Իրար վրա ջուր ցողելու կամ ջրելու ավանդույթը ժողովրդական լեզվում անվանվում է նաև ջրոցի։