Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստը
03.06.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստը, որը հրավիրվել էր վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով: Նիստին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը, մարզպետարանների ներկայացուցիչներ, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո մի շարք համայնքներում երկարաժամկետ օգտագործման իրավունքով վարձակալության տրամադրված հողերի հետ կապված հարցեր:
Որոշվել է փոփոխություններ կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն և Գլաձոր համայնքների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային և Վաղաշեն գյուղական համայնքների և ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել և Բալահովիտ համայնքների վարչական սահմանների նկարագրում:
Նախարար Դավիթ Լոքյանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ավարտին հասցնել Մարտունի և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքները և համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով: