Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցի շրջանավարտ Զոյա Սարգսյանի մենահամերգին
02.06.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացած նույն դպրոցի վոկալ դասական երգեցողության բաժնի շրջանավարտ Զոյա Սարգսյանի մենահամերգին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարներ, երաժշտական դպրոցի ուսուցիչները, հյուրեր և Զոյայի հարազատները:
Միջազգային և հանրապետական տարբեր մրցույթների իր տարիքային խմբում մրցանակների արժանացած սանին հաջողություն և կանաչ ճանապարհ մաղթելուց անմիջապես հետո, հնչեց ժամանակի հրամայականով պայմանավորված շատ կարևոր մաղթանք՝ անամպ և խաղաղ երկինք հայոց աշխարհին: Եվ Զոյան իր առաջին կատարումները նվիրեց ապրիլյան քառօրյա կռվում զոհված հայորդիներին, խրամատում կռվող զինվորիներին և զինվորների խաղաղ ծառայության համար ծնկաչոք ու խոնարհ աղոթք մրմնջացող նրանց մայրերին:
Զոյան երգել սկսել է փոքր հասակից: 7 տարեկանից հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Այնուհետև մարզային մի մրցույթի ժամանակ (2011թ.) նրան նկատում է այդ տարիներին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն, ժյուրիի անդամ Ֆիլիպ Բալոյանը և նրա բնութագրմամբ այդ կրակոտ աղջնակը ուսումնառությունը շարունակում է Եղեգնաձորի երաժշտական դպրոց վոկալ բաժնում, Ֆիլիպ Բալոյանի դասարանում: Սակայն վաղամեռիկ ուսուցիչը չի կարողանում մինչև վերջ հասցնել իր սիրելի սանի վոկալ կրթությունը: Զոյան այնուհետ սովորում է Մանե Հարությունյանի, իսկ ավարտական տարում՝ Արթուր Կարապետյանի դասարանում: Զոյան կատարեց հայ և այլազգի կոմպոզիտորների դասական երգեր և ռոմանսներ: Զոյան հանդիսատեսի առջև հանդես եկավ նաև դաշնամուրային կատարումով, իսկ դահլիճի պատերը զարդարված էին նրա վրձնած նկարներով: Շնորհաշատ պատանի երգչուհուն երաժշտական գեղեցիկ կատարումներով ողջունեցին երաժշտական դպրոցի ֆլեյտայի, դաշնամուրի և վոկալ բաժնի սաները:
Հանդիսատեսին ևս մեկ անկալալ էր սպասվում: Հունիսի 2-ը Զոյայի ծննդյան օրն է:
Մարզպետ Հարություն Սարգսյանը նվերով ու երգչուհու նման գեղեցիկ ծաղիկներով շնորհավորեց Զոյանին և մաղթեց հետագայում ավելի մեծ ու կադեմիական բեմեր: Դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը նույնպես շնորհավորեց և դպրոցի տնօրինության անունից պատվոգրով պարգևատրեց միջազգային և հանրապետական տարբեր մրցույթներում դպրոցի և մարզի պատիվ բարձր պահած սիրելի սանին: Զոյան որպես շնորհակալություն իր գեղեցիկ նկարներից հիշատակի նվերներ տվեց մարզպետ Հ. Սարգսյանին և դպրոցի տնօրեն Ի. Շահինյանին: