Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2016

  Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնն աշխարհի ամենապայծառ ու սիրելի տոներից մեկն է:
Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի: Իսկ երեխայի այդ իրավունքի՝ երջանիկ միջավայրի, ապահովումը ընտանիքի, հասարակության և պետության խնդիրն է: Մանկական երջանկության միակ և ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Իսկ ընտանիքների երջանկության գրավականը առողջ մտածելակերպով հասարակություն և ամուր պետականություն ունենալն է, որի համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համատեղումը:
Հարգելի ծնողներ, հունիսի 1-ը ոչ միայն երեխաների, այլև ընտանեկան տոնն է, քանզի յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով: Եվ մարդկային բոլոր լավագույն ձգտումները պայմանավորված են ընտանիքում աճող սերնդով, այդ սերնդի մոտ ձևավորված արժեհամակարգով՝ ընտանեկան, ազգային և համամարդկային: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս ձգտում ենք առավելագույնս կատարելության հասցնել մեր երեխաների անձնային ու մտավոր որակները, որպես մեզ լավագույն փոխարինողների: Թող իրականան երեխաների հետ կապված ձեր բոլոր երազանքները և, նրանք դառնան ընտանիքի արժանի փոխարինողներ, իրականացնելով՝ իրենց ապագայի հետ կապված ձեր տեսլականն ամբողջությամբ: Հարգելիներս, ի վերջո, երեխաներն ընտանիքի սիրո ու հարգանքի, հավատարմության ու հանդուրժողականության ամենազուլալ ակունքներն են: Առանց երեխաների կյանքն անիմաստ է դառնում, որովհետև հենց նրանց հետ են կապված մարդկանց ամենազնիվ նպատակներն ու լավագույն ցանկությունները, քանզի յուրաքանչյուր երեխայով է պայմանավորված մեր ընտանիքների ու մեր երկրի վաղվա օրը: Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և բոլոր երազանքների ու ցանկությունների իրականացում:
Սիրելի երեխաներ, իմ փոքրիկ բարեկամներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու լուսավոր տոնի կապակցությամբ և անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38