Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին
26.05.2016
Մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ <<Հուշարձանները երիտասարդների աչքերով>> գեղանկարչության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, վայոցձորցի մշակութասեր հասարակությունը, աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է <<Պատմամշակութային հուշարձանների պահպանության մարզային կենտրոնի>> և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցության արդյունքում: Ծրագրի շրջանակներում մարզի դպրոցների աշակերտների կողմից ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոն են ներկայացվել Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանները պատկերող գեղանկարներ, որոնք այսօր ցուցադրվեցին միջոցառման ընթացքում:
Հարկ է նշել, որ նման ծրագրերի օգնությամբ պահպանվում են մեր ազգային արժեքները և պատմական ժառանգությունը, երիտասարդ սերունդը ծանոթանում է Վայոց ձորի պատմամշակութային հուշարձաններին, կոթողներին՝ դառնալով մեր հինավուրց ազգային արժեքների կրողները:
Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը պատվոգրեր հանձնեց ցուցահանդեսին մասնակցած բոլոր դպրոցներին և ծրագրի շրջանակներում ընտրված 11 լավագույն մասնակիցներին: Շնորհակալագիր հանձնվեց ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնին՝ համագործակցության և ակտիվ աշխատանքային գործունեության համար:
Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: