Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Շատին և Հորս համայնքներ
12.05.2016
Մայիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Շատին և Հորս համայնքներ: Համայնքապետարաններում մարզպետ Հարություն Սարգսյանին ընդունել են Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը և Հորս համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանը:
Համայնքներների ղեկավարները կազմակերպել են մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ, որոնց մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կատարված աշխատանքները և ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետը Հորսում այցելել է համայնքի բուժկետ և ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև հետաքրքրվել բնակչության սպասարկման հնարավորություններով:
Հանդիպումների ընթացքում մարզպետի առջև իրենց հուզող հարցերն են բարձրացրել համայնքների բնակիչները: Շատինում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է ոռոգման ցանցի ջրատարերի մաքրման և սպասարկման, ինչպես նաև քարաթափման գոտու հարցերը:
Հորսում բարձրացվել են փողոցային լուսավորության և կաթի մթերման խնդիրների հետ կապված հարցերը:
Որպես առաջնահերթություն մարզպետը համայնքներում ծանոթացել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: