Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի հետ կապված հարցերի վերաբերյալ
03.05.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մայիսի 3-ին անկացվեց աշխատանքային քննարկում՝ ՀՀ սոցիալական աջակցության մասին օրենքում տեղ գտած փոփոխությունների, մասնավորապես Միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի հետ կապված: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և USAID/PRIP կազմակերպության կողմից: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, USAID/PRIP քաղաքականության թիմի ղեկավար Արսեն Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային սոցիալական ծառայությունների և զբաղվածության գործակալությունների տնօրեններ, աշխատակիցներ, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետեր և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական աջակցության ոլորտում տեղ գտած փոփոխությունները և զարգացումները: Վերջին տարիների ընթացքում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող ավելի քան 30 իրավական ակտեր և որոշումներ են ընդունվել: Հանդիպման առանցքային նպատակներից էր մարզերում կազմակերպել քննարկումներ, տրամադրել տեղեկատվություն փոփոխությունների, սոցիալական աջակցության քաղաքանության զարգացումների հետ կապված:
Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշմանը, քննարկվեցին Միջգերատեսչական համագործակցության կանոնակարգը, տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի, համակարգող խորհրդի ձևավորման ընթացակարգային հարցեր: