Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցում դասարան անվանակոչեցին դպրոցի շրջանավարտ, Արցախում զոհված Վարդան Վարդանյանի անունով

31.03.2016

  2015 թվականի դեկտեմբերի 11-ին Արցախում զոհված, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, հայոց բանակի լեյտենանտ Վարդան Վարդանյանը եղել է Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի շրջանավարտ: Դպրոցահասակ տարիներին նա աչքի է ընկել իր ուշիմությամբ, կարգապահությամբ ու բարձր պատասխանատվությամբ: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի սիրելի աշակերտի կորստի ծանր ապրումները փարատելու միակ տարբերակը, Վարդան Վարդանյանի անունը հավերժացնելու նպատակով, նրա անունով դասարան անվանակոչելը և դրանով մշտապես Վարդանի ներկայությունը դպրոցի պատմության էջերում ապահովելը դարձավ:
Հենց այդ նպատակով մարտի 30-ին դպրոցի դահլճում կազմակերպվել էր ցերեկույթ, որին մասնակցում էին Վարդան Վարդանյանի հարազատները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և դպրոցականներ:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը: Այնուհետև աշակերտների ուժերով ներկայացվեց Վարդան Վարդանյանի կենսագրությունը, նրան նվիրված ստեղծագործություններ և հուշեր՝ կապվածՎարդանի դպրոցական կյանքի հետ: Ամբողջ ընթացքում հնչում էին գնահատանքի ու խոնարհումի խոսքեր, ուղղված դպրոցի հայրենասեր սանին և հերոս որդի դաստիարակած նրա ծնողներին՝ Արթուր և Գայանե Վարդանյաններին:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի սրտառուչ խոսքով: Դահլիճային միջոցառումից հետո տեղի ունեցավ Վարդան Վարդանյանի անունով անվանակոչված դասարանի հանդիսավոր բացումը: Դասարանում, որտեղ սովորել էր սիրելի Վարդանը, բացվել էր հուշանկյուն, ուր ներկայացված էին նրա դպրոցական տարիներին գրված շարադրությունները, որպես զինվորական նրա ստացած պարգևներն ու նվերները, կրթության վկայագրերը: Անվանակոչված դասարանի երեխաները հուզիչ ելույթով ու ռազմական երգերով հարգանքի տուրք մատուցեցին երիտասարդ սպայի հիշատակին: Արտասվախառն ելույթով հուշեր ներկայացրին նրա ընկերները: Վարդանի հիշատակին խոնարհումի խոսք ասացին ուսուցչուհիներ Ցողիկ Օհանյանը և Կարինե Մովսիսյանը:
Մենք նույնպես միանում ենք հնչած խոնարհումի խոսքերին և ասում.
Սիրելի Վարդան, քո հիշատակը միշտ վառ է մնալու մեր սրտերում: Համոզված եղիր, որ քո հանդեպ տածած մեր սերը փոխանցելու ենք քո եղբայր Դավիթին և աղոթելու ենք, որ Աստված պահպանի նրան ու քու սիրասուն ծնողներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 14:32:48