Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղորդում հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրների վերաբերյալ
30.03.2016
2016 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել շուրջ 48 հանդիպումներ (Եղեգնաձորի բաժնի կողմից՝ 26, Վայքի բաժնի կողմից՝ 18, Ջերմուկի բաժնի կողմից՝ 4), որոնց ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն, իսկ քաղաքացիների կողմից բարձրացվել է հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր:
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հանցագործությունների և իրավախախտումների նախականխման ու բացահայտման, ինչպես նաև քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քննարկման ուղղությամբ: Ընթացք է տրվել քաղաքացիներից ստացված 24 դիմում-բողոքների: Աշխատանքներ են տարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ առանձնապես անասնագողությունների նախականխման ուղղությամբ: Ստուգայց-շրջագայություններ են կատարվել որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերի նախականխման նպատակով:
Զգալի աշխատանքներ են կատարվել Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարի և հասարակական կարգ ու կանոնի պահպանման ուղղությամբ:
Ամփոփելով հանդիպում, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ մանրամասնորեն էր ներկայացված հաղորդումը և հավելեց, որ Վայոց ձորի մարզում օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, որում իր կարևոր դերն ունի ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը: Նա շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար: Բանախոսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար և կարևորեց այս հարցում ՀՀ Վայոց ձորի մարզպետի ջանքերը: