Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
17.02.2016
Փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Տեղեկացենք, որ Իրանի առողջապահության ոլորտի մասնագետների այցի նպատակն է առողջապահության ոլորտում սերտացնել հայ-իրանական համագործակցությունը: Այս նպատակով իրանական կողմը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, մասնավորապես ստեղծել բժշկական կենտրոններ:
Ողջունում եմ Ձեզ Վայոց ձորի մարզում և շնորհակալություն հայտնում մեր մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կարծում եմ, որ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերն էլ ավելի կնպաստեն մեր հարևան երկրների միջև ձևավորված համագործակցային հարաբերությունների զարգացմանը,-ասաց Հարություն Սարգսյանը՝ կարևորելով Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը:
Մարզպետ Հարություն Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց ծրագրի իրականացմանը աջակցելու հարցում:
ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդին իր խոսքում նշեց, որ Իրանն ու Հայաստանն ունեցել են վաղեմի բարեկամական հարաբերություններ: Իրանի մասնավոր հատվածը շահագրգռված է այստեղ ակտիվ գործունեություն ծավալել: Հայկական կողմն առաջարկել է Վայոց ձորում կլինիկա կառուցել: Իսկ իրանական կողմն այս հարցում նույնպես շահագրգռված է և պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել:
Իրանական պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի և Վայքի հիվանդանոցներ, որոնք ունեն արդիականացման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտություն:
Շրջայցի ժամանակ իրանական կողմին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատությունների վիճակն ու նյութատեխնիկական հնարավորությունները, քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Տեղեկացնենք, որ Թեհրանում 2015թ. դեկտեմբերին «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: