Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը
15.02.2016
Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց նաև աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը: Վարչության պետ Նորայր Սիմոնյանը նախ առանձին-առանձին ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա հանդես եկավ հաշվետվությամբ: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Անդրադարձ եղավ ՏԻ մարմինների և ՀԳՄ տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքներին: Նշվեց, որ առանձնապես պետք է ակտիվացնել գործակցությունը ՀԳՄ ծառայությունների հետ: Խոսվեց համայնքներում վարչական ստուգումների իրականացման ընթացքում վեր հանված թերությունների վերացման ուղղությամբ համայնքապետարանների կողմից կատարված քայլերին լրացուցիչ մեկ անգամ ևս անդրադառնալ, համոզվելու համար, որ թերությունները վերացվել են, իսկ սխալները շտկվել: Անդրադարձ եղավ նաև համայնքային կայքերի բնականոն գործունեությանն ուղղված աշխատանքներին և համայնքապետարանները բանիմաց կադրերով համալրելու հարցում համայնքների աշխատակազմերին վարչության կողմից մեթոդապես օժանդակելու հարցերին:
Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտոնում պահել համայնքներում ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված գրական, մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպման ծրագրերի կազմման ու միջոցառումների անցկացման գործը:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության պետին և աշխատակիցներին 2015 թվականին իրականացված գործունեության համար և նշեց, որ յուրաքանչյուր հաջորդ տարի պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ գործունեություն ծավալել, քան եղել է նախորդում: