Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն
18.01.2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 15-ին մարզպետների մասնակցությամբ կայացավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:
Հանդիպմանը մարզպետների հետ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարին զեկուցվեց, որ այս պահի դրությամբ չկատարված հանձնարարականներ չկան:
ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես ուշադրության տակ պահել տրվող հանձնարարականների կատարման ընթացքր:
Քննարկվեցին մարզերում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Առաջիկայում հիմնադրամը կմեկնարկի Գյուղատնտեսության ֆինանսավորման աջակցության նոր ծրագիր, որը կիրականացվի մի շարք մարզերում:
Խորհրդակցությանը ներկայացվեցին համայնքների խոշորացման, ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:
Փետրվարի 14-ին խոշորացված համայնքներում՝ Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ու ավագանիների անդամների ընտրություններ կանցկացվեն:
Նախարար Ա. Երիցյանին տեղեկացվեց, որ Տարածքային զարգացման հիմնադրամն առաջիկայում կսկսի խոշորացված համայնքներում նախատեսվող ծրագրերի ընտրությունը:
Ա. Երիցյանը հանձնարարեց ուշադրության տակ պահել այս գործընթացները:
Խորհրդակցությանը ներկայացվեցին և մարզպետների հետ քննարկվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2015թ. կատարողականի ցուցանիշները, ինչպես նաև համայնքների աշխատավարձի գծով պարտքերի մարման, գույքահարկի և հողի հարկի գծով պարտավորություններին առնչվող հարցեր:
Զեկուցվեց, որ 2015թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 122.493 մլրդ դրամի դիմաց կազմել են 125.643 մլրդ դրամ, (կատարողականը` 102.6%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 97.6%, հողի հարկի հավաքագրումը կատարվել է 92.5 %, գույքահարկինը՝ 101.6 %-ով:
Նախարարը հանձնարարեց գույքագրել հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքները և ուսումնասիրել պատճառները:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերին առնչվող այլ հարցեր ևս:
Աղբյուրը՝ http://www.mta.gov.am, 15.01.2016թ.