Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Վայոց ձորի մարզպետի մոտ
24.12.2015
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց հայկական <<Դյուցազնագրքում>> ընդգրկված վայոցձորցի կարատեիստ, ծանրամարտիկ Կարեն Մարտիրոսյանին:
2014թ.-ի մարտի 15-ին Կարենը 17 կգ կշռող ինքնաշեն ծանրաձողով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի դահլիճում, մարզասարքի վրա մեջքով կիսապառկած վիճակում, երկու ձեռքով կատարել է <<հրում դեպի վեր>> վարժությունը 2555 անգամ անընդմեջ՝ 1 ժամ 18 րոպեում: Իսկ 2015թ. Կարենը բարելավել է իր անձնական ռեկորդը՝ 1ժամ 43 րոպեում հրելով 2700 անգամ:
Կարենին շնորհավորելով հայկական <<Դյուցազնագրքում>> ընդգրկվելու առթիվ, մարզպետ Հարություն Սարգսյանը նրան մաղթեց նոր ռեկորդներ և նորանոր հաջողություններ: Մարզպետը նշեց, որ երիտասարդության և դպրոցահասակ երեխաների շրջանում այսօր կարևոր է ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելապերպի մշակույթի տարածումը, որն ուղղված է մարդու առողջության պահպանմանը, մարդու մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը։
<<Այսպիսի օրինակներով մենք կկարողանանք ամրապնդել մեր ապագա սերունդների ֆիզիկական կրթությունը և առողջությունը>>,- ասաց Հ. Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Կարեն Մարտիրոսյանը սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, մասնակցել է հանրապետական և միջազգային տարբեր մրցաշարերի՝ գրավելով մրցանակային տեղեր: Ներկայում Կարենն աշխատում է Եղեգնաձորի ավագ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ինչպես նաև Արենի գյուղում մարզում է ապագա ծանրորդների:
Նշենք, որ հայկական <<Դյուցազնագիրքը>> տպագրվում է երկրորդ անգամ: