Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում նվիրված հաշմանդամության միջազգային օրվան
04.12.2015
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխաներ, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ:
Միջոցառումն սկսվեց երեխաներին նվիրված երգի գեղեցիկ կատարումով, որի հնչյունների տակ հրապարակում պարում էին բոլոր երեխաները, նրանց ծնողներն ու հյուրերը:
Միջոցառման բացման խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին և Եղեգնաձորի քաղաքապետարանին սահմանափակ կարողություններով անձանց համար կազմակերպվող իրենց ձեռնարկումներին մշտապես աջակցելու համար և հավելեց, որ կազմակերպությունը եղել է և լինելու է տարածաշրջանում սահմանափակ կարողություններով անձանց կողքին, նպատակ ունենալով նրանց ինտեգրել մարզային հասարակական, մշակութային կյանքին: Նա ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հիմնել ցերեկային խնամքի կենտրոն:
Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, որը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաները ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը: