Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովը
03.11.2015
Նոյեմբերի 3-ին Երևանում անցկացվեց ,,Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ,, խորագրով 4-րդ համաժողովը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ռուսաստանը ներկայացնում էին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսանդր Ցիբուլսկին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի նպատակն էր քննարկել տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերը, նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության ներուժի ամբողջական բացահայտմանը և նոր կապեր հաստատել ՀՀ և ՌԴ տարբեր օղակների միջև: Համաժողովին ներկա էին նաև երկու երկրների պետական կառույցների, գործադիր իշխանության տարածքային մարմինների, տարբեր գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Համաժողովի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման և Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի պատահարի զոհերի հիշատակը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց Նախագահ Ս. Սարգսյանի ողջույնի խոսքը: Հնչեց նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի ողջույնի ուղերձը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումները դարձել են կարևոր հարթակ` առողջ երկխոսություն ձևավորելու և կուտակված մեծ փորձը փոխանակելու համար: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՌԴ բոլոր դաշնային միավորները ձգտում են ակտիվ կապեր հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքային մարմինների հետ: Վ. Մատվիենկոն կարևորեց երկու ժողովուրդների փոխադարձ խոր հարգանքը, ամուր կապերը մարդասիրական, գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում:
ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ միջտարածաշրջանային այս համաժողովը համագործակցության հարցերի գործնական քննարկման և իրագործման հարթակ է: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը, քանի որ այն ընդգրկում է սոցիալ-տնտեսական, էներգետիկ, ներդումային, գիտական, կրթական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ այս ֆորումը մեծապես կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության և ՏԿԱԻ նախարարության անունից շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին: Ըստ նախարարի՝ սա նաև հայ-ռուսական հարաբերություններում առկա մեծ ձեռքբերումների ապացույցն է:
- Միջտարածաշրջանային փոխգործակցությունը մեծ դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զագացման հարցում՝ նոր խթան հաղորդելով հայ-ռուսական բազմակողմանի հարաբերություններին: Այն նպաստում է ռազմավարական, տնտեսական, մարդասիրական ասպարեզներում փոխգործացկության զարգացմանը: Այս ֆորումը կարևոր է նաև այն առումով, որ կարող է նպաստել երկու պետությունների միջև վստահության բարձրացմանը, և թույլ կտա փոխանակել հարուստ փորձը, նոր գաղափարները, գիտական մշակումներն ու նորարարական ձեռքբերումները,- եզրափակեց Ա. Երիցյանը:
Համաժողովի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր` համագործակցային նոր հեռանկարների վերաբերյալ: Կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը և ՌԴ տարածքային զարգացման փոխնախարար Ալեքսանդր Ցիբուլսկին պատասխանեցին լրագրողների հարցերին:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն անցկացվում են 2011 թ.` Հայաստանի և ՌԴ-ի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Քննարկված թեմաները վերաբերում են փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության, էներգետիկայի, հեռահաողորդակցության և կապի, նոր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներին: Առաջին համաժողովի արդյունքների ամփոփումից հետո ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը միջտարածաշրջանային համագործակցության խորացման հետ կապված հարցերի քննարկումն ու կողմերին համապատասխան առաջարկությունների ներկայացումն է:
Համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանի մարզերի ու ՌԴ ռեգիոնների միջև համագործակցության առկա հնարավորությունների ամրապնդման ու նոր հեռանկարների հաստատման համար, թույլ է տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունների միջտարածաշրջանային ձևաչափը:
Նախկին համաժողովներից հետո կապեր են հաստատել ՀՀ Վայոց ձորի ու ՌԴ Արխանգելսկի մարզերը, Լոռու մարզն ու ,,Հարավկովկասյան երկաթուղի,, ընկերությունը, քննարկվում են Սյունիքի և Վոլգոգրադի, Արարատի ու Ռոստովի մարզերի համագործակցության հնարավորությունները: Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավոր:
Նշենք, որ համաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Աղբյուրը՝ www.mta.gov.am, 03.11.2015