Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր էկոերթուղիներ` Վայոց ձորի երեք համայնքներում

20.10.2015

 Վայոց ձորի Գոմք, Զառիթափ և Մարտիրոս համայնքներում ստեղծվել են նոր էկոերթուղիներ: Այս նախաձեռնությունն իրականացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: <<Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում>> խորագրով ծրագրի շրջանակներում <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունն օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացնում է նաև էկոտուրիզմով և հարակից զբոսաշրջական ծառայություններով հետաքրքրված շուրջ 50 երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված թրեյնինգներ: Մասնակիցներին նախ ներկայացվել է տարածքի կենսաբազմազանությունը, էկոտուրիզմի հիմնարար սկզբունքները և կազմակերպումը համայնքներում, զբոսաշրջային ծառայությունները, այնուհետև ուսուցանվել զբոսաշրջային ծառայությունների համար անհրաժեշտ անգլերենի հիմունքներ:
ՀԿ փոխնախագահ Սարգիս Աղայանը տեղեկացրեց, որ ծրագիրն ուղղված է տարածաշրջանում էկոզբոսաշրջության զարգացմանը և Վայոց ձորի նշված գյուղական համայնքների երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը՝ ստեղծելով այլընտրանքային շահույթի աղբյուրներ: Երիտասարդներն իրենց գիտելիքները նաև կիրառել են գործնականում. աշխատել են որպես ուղեկցորդներ, վարձակալության տվել ձիեր արշավների համար, վաճառել իրենց գյուղական սնունդը, օգտագործել իրենց տները` որպես հյուրատուն և այլն:
Զբոսաշրջիկների կապը ապահովվել է վեբ կայքի և սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ: Սարգիս Աղայանը նշեց, որ այս համայքներում լուրջ խնդիր էր էկոերթուղիների պակասը, քանի որ չկային մշակված էկոերթուղիներ, տեղադրված ցուցանակներ, ուստի իրենք լուծել են նշված խնդիրը. «Թեև չկային նախապես մշակված էկոերթուղիներ, բայց զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծ էր այդ տարածքների նկատմամբ, քանի որ այստեղ կան շատ հետաքրքիր հուշարձաններ, օրինակ` ժայռերի մեջ քանդակված եկեղեցիներ, խաչքարեր, որոնց ոչ մի զբոսաշրջիկ ինքնուրույն հասնել չէր կարող: Այժմ տեղադրել ենք ցուցանակներ, որոնց շնորհիվ ցանկացած անձ կարող է ինքնուրույն հասնել այդ վայրերը, այն էլ ավելի անվտանգ երթուղով»: Պարոն Աղայանի փոխանցմամբ`այս երթուղիները կհետաքրքրեն հատկապես ժայռամագլցմամբ զբաղվողներին:
Աղբյուրը`http://heh.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38