Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ <<Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում>> ծրագրի շրջանակում
13.10.2015
,,Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում,, մեկշաբաթյա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հանդիսատեսին մատուցվեց ազգագրական երգ ու պար ,,Ռամտա,, երիտասարդական խմբի կատարմամբ: Փոքրիկ բեմադրությունների միջոցով հանդիսատեսը ծանոթացավ Հորդանանի ժողովրդի հողագործության, բերքահավաքի, ինչպես նաև Հորդանանում հյուրընկալության ծիսակարգերին:
Նշենք, որ համույթը հիմնադրվել է Հորդանանի հյուսիսային Ալ Ռամտա քաղաքում, իսկ ներկայումս այն իր գործունեությունն է ծավալում Հորդանանի Հաշիմյան Թագավորության մշակույթի նախարարության հովանու ներքո: Համույթը ձգտում է ինքնարտահայտվել, խրախուսել, զարգացնել և պահել Հորդանանի ժառանգությունն ու մշակույթը, ինչպես նաև ներկայացնել իր երկրի մշակույթը ոչ միայն Ալ Ռամտա քաղաքում, այլև ողջ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում և աշխարհի մյուս բեմերում:
Միջոցառման ընթացքում անցկացվեց հորդանանցի ավանդական ազգային նորաձևության դիզայներ Մարիամ Մահանի Մուրադիսի հեղինակած տարազների ցուցադրումը: Նրա հագուստներում առկա են ասեղնագործության տարրեր` վառ և գունագեղ գործվածքների գեղեցիկ համադրությամբ:
Համերգի ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին գեղեցիկ համերգի համար և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից շնորհակալագիր հանձնեց ստեղծագործական խմբին: Ստեղծագործական խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության համար` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հոդանանի թագավորությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:
Հարկ է նշել, որ եղեգնաձորցի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ, սիրով և բուռն ծափերով ընդունեց Հոդանանից ժամանած մեր բարեկամներին: