Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
06.10.2015
Հարգելի գրադարանավարներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա, կապակցությամբ:
Հարգելիներս, միշտ էլ կարևոր է եղել գրադարանավարի դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման ապահովման գործում: Սակայն Ձեր դերն առավել կարևորվում է մեր օրերում, երբ համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կյանք, դարձել մատաղ սերնդի կենցաղի անբաժանելի բաղադրիչը: Այս հանգամանքը Ձեզանից հավելյալ ճիգեր է պահանջվում, որ ոչ պարտադրանքով, այլ՝ կազմակերպված բովանդակային միջոցառումների ազդեցության արդյունքում՝ հետաքրքրություն ձևավորելով գրքի ու գրականության նկատմամբ, դպրոցական երեխաների, ինչու ոչ, նաև պատանիների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության հանդեպ, վերաձևավորելով գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը:
Հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների ստեղծած մտավոր գանձերն ամբարված են գրադարաններում, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, պատկերացումներ կազմելու ապագայի մասին և ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը: Գիրքն է միակ ճշմարիտ ուղին ,,Բանն հանճարոյ,, իմանալու ճանապարհին:
Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, գիրքն այնուամենայնիվ դարերով եղել է ու այսօր էլ մնում է գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Համոզված եմ, որ Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վայոցձորյան մատաղ սերնդի հոգում մշտապես վառ ու բորբոք կպահեք սերն ընթերցանության, գրքի ու գրականության նկատմամբ:
Հարգելի գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ՝ Ձեր պատվաբեր աշխատանքում ու պատասխանատու առաքելության իրականացման մեջ:
Ձեզ՝ աշխատանքային հաջողություններ, բարօրություն և ընտանեկան երջանկություն: