Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015>> մարզական միջոցառման մարզային փուլին

05.10.2015

Հոկտեմբերի 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցույթի մարզային փուլին մասնակցում էին նախորդ` համայնքային փուլում, հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզները:
Միջոցառմանը մասնակցում և փոքրիկ մարզիկներին ոգևորում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ, ծնողներ, իրենց ընկերներին ոգևորող բազմաթիվ փոքրիկներ:
Մարզային փուլում փոքրիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին:
Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց մարզպետ Հ. Սարգսյանը: Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզը Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացավ շնորհակալագրի:
"Նման մրցույթները կարևոր են առողջ սերունդ ունենալու և առողջ ապրելակերպի մշակույթի տարածման և քարոզման հարցում: Ուստի մեր մանկապարտեզներում հարկ է՝ առավել մեծ ուշադրություն դարձնել մեր փոքրիկների սպորտով և մարմնամարզությամբ զբաղվելու հարցերին",- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Սարգսյանը:
Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված 3 թիմերը ստանալու են ՀՀ Նախագահի կողմից սահմանված դրամական պարգևներ:
Մարզային փուլում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզն իրավունք է ստացել մասնակցելու "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մրցույթի հանրապետական փուլին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Երևանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28