Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արենի համայնքում կայացած <<Արենի գինու փառատոն>>-ին

03.10.2015

Այսօր Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նշվում էր գինու տոնը, տոնակատարություն, որը դարձել է ավանդույթ և մեծ մասսայականություն ու սեր է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:
Գինու 7-րդ ավանդական փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձոր մարզպետարանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, "Արենի գինու փառատոն" հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ողջ Արենիում տարածվել էր անուշահամ գինու բույրը, որին միախառնվել էին հայկական ավանդական ճաշատեսակների հոտը, ժողովրդական և ազգագրական երգն ու պարը և բազմահազար այցելուների ու զբոսաշրջիկների բարձր և ուրախ տրամադրությունը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց տասնյակից ավելի գինեգործական ձեռնարկությունների շքերթով: Գինեգործական ընկերությունների ներկայացուցչիները խաղողով լի զամբյուղները դատարկեցին "չանի" մեջ: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը "չանում" ավելացրեց անցյալ տարվանից պահված խորհրդանշական գինին, որից հետո Արենի գյուղի երիտասարդները "չանի" մեջ ոտքերով տրորեցին խաղողը՝ ներկաներին ցուցադրելով մեր պապերից եկած գինու ստացման ավանդական եղանակը: Քամված խաղողահյութը տեղափոխվեց մեկ այլ տարայի մեջ, որը կպահվի հաջորդ տարի ավանդույթ դարձած ծիսակատարության ժամանակ օգտագործելու համար:
Ողջ Արենիում տիրում էր տոնական տրամադրություն՝ համեմված գինով, ժողովրդական երգ ու պարով: Պարում էին ոչ միայն Արենի ժամանած ազգային տարբեր համութներ, ալյև ողջ ժողովուրդը, նույնիսկ արտասահմանից եկած զբոսաշրջիկներ և հյուրեր:
"Արենի գինու փառատոն"-ը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, գինեգործության մշակույթի տարածմանը և մարզում զբոսաշրջության զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35