Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մշակույթի վաստակավոր գործիչ Ֆիլիպ Բալոյանի հիշակատին նվիրված միջոցառմանը
01.10.2015
Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում նշվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Ֆիլիպ Բալոյանի ծննդյան օրը:
Երաժշտական դպրոցի կոլեկտիվը հիշատակի համերգ էր կազմակերպել կյանքից վաղաժամ հեռացած մշակութային գործչի ծննդյան օրվա կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Համերգին ներկա գտնվողների զգացումները, Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված կատարումները լի էին հուզմունքով, կարոտով ու կսկիծով, կորստի և ուրախության արցունքներով. կորուստ, որն անդառնալի է և ուրախություն, որ մատաղ սերունդն արդեն իսկ իր մեջ է կրում այս մեծ տաղանդի հիշատակը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Վայոց ձորի համար մեծ կորուստ է նման մարդու անժամանակ մահը, ցավ, որի հետ դժվար է համակերպվել: Միևնույն ժամանակ մեծ երջանկություն և ուրախություն է, որ մեզ բոլորիս բախտ է վիճակվել ճանաչել Ֆիլիպ Բալոյանին և կողք կողքի ապրել ու աշխատել այդ տաղանդավոր, կենսուրախ և հրաշալի մարդու հետ:
<<Մենք պարտավոր ենք մեր հիշողություններում միշտ վառ պահել Ֆիլիպ Բալոյանի հիշատակը՝ այն փոխանցելով սերնդե սերունդ: Իսկ երաժշտական դպրոցի ուսուցիչները պետք է պահեն և պահպանեն Բալոյան երաժշտի և մշակութային գործչի թողած ժառանգությունը>>,- ասաց Հ. Սարգսյանը: