Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը
22.09.2015
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ ամյակի կապակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել են տոնական միջոցառումներ:
Մարզկետրոն Եղեգնաձորում կազմակերպված միջոցառումները մեկնարկեցին Արցախի գոյամարտում զոհված վայոցձորցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցով, որտեղ ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձիք, համայնքների ղեկավարներ, <<Երկրապահ կամավորների միության>> անդամներ, վայոցձորցիներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցեց ներկաներին` նշելով, որ յուրաքանչյուր հայի պարտականությունն է սրբորեն պահպանել մեծ դժվարությունների և կորուստների գնով ձեռք բերված անկախությունը:
Անկախության օրվա կապակցությամբ հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ անդամների, Արցախյան պատերազմի մասնակից 5 վայոցձորցիների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Վայոցձորցիների տոնական տրամադրությունը շարունակվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնում կազմկերպված տոնական համերգով: ՀՀ օրհներգի ներքո մեկնարկած համերգը համեմված էր հայրենասիրական, ժողովրդական, ազգագրական երգ ու պարով:
Անկախության օրվան նվիրված տոնակատարությունն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: