Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ
19.09.2015
Սիրելի հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Արդեն 24 տարի է` մենք ապրում և արարում ենք անկախ Հայաստանի Հանրապետությունում, անկախություն, որը ձեռք բերվեց հայ ժողովրդի միասնականության և ազատ երկրում ապրելու կամքի շնորհիվ: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի վճռական ,,Այո,,-ն վերականգնեց բաղձալի ազատությունը, ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր տեղն ու նշանակությունը ունի համաշխարհային պատմության մեջ:
Անկախացման տարիներին մեր պետությունը լուրջ փորձությունների ենթարկվեց` պատվով հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ և դժվարություն: Եվ այսօր մենք կարող ենք փաստել, որ հայ ժողովրդի իմաստնության, անկոտրում կամքի և վճռականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը անկախ և կայացած երկիր է:
Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի համար կարևոր և տոնական օր է, և մենք պարտավոր ենք միասնական ջանքերով, համատեղ ուժերով և մեծ հավատով շարունակել մեր անկախ ու ազատ երկրի կերտման և զարգացման պատասխանատու գործը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարեկեցություն: