Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց լրագրողների հետ
15.09.2015
Սեպտեմբերի 13-ին, "Մարդը կարիքի մեջ" չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված մեդիա արշավի շրջանակներում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց մի խումբ լրագրողների հետ:
Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց լրագրողներին և շնորհակալություն հայտնեց այցի և մարզի հիմնահարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Հանդիպման ընթացքում լրագրողների կողմից բարձրացվեցին հարցեր կապված մարզի գյուղատնտեսության ոլորտի հետ, մասնավորապես` խաղողի բերքատվություն, մթերում և սակագնային քաղաքականություն: Խոսվեց մարզի բնակչության զբաղվածության, աշխատատեղերի ավելացման հեռանկաների, կրթական, առողջապահական ոլորտների, սահմանամերձ համայնքների խնդիրների, միգրացիոն և այլ հարցերի շուրջ:
Մարզպետարանում կայացած հարցազրույցից հետո` մարզպետի ուղեկցությամբ, լրագրողներն այցելեցին Եղեգնաձորի նորաբաց պահածոների գործարան, ծանոթացան գործարանի աշխատանքային պայմաններին, արտադրատեսակներին, զրուցեցին գործարանում աշխատող բանվորների և աշխատակազմի հետ: Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Սարգիս Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Ս. Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց մանրամասներ ձեռնարկության գործունեության, հետագա ծրագրերի և հեռանկարային այլ նախագծերի մասին: