Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զարգացման նոր ծրագիր Վայոց ձորի մարզում
09.09.2015
Գերմանիայի Դաշտային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնում է <<Հարավային Կովկասի էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում>> ծրագիրը:
Ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքները:
Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց աշխատանքային հանդիպում Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին ծրագրի իրականցման ընթացիկ հարցեր և հիմնախնդիրներ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը:
Ծրագրի նպատակը համայնքներին ապրուստի դիվերսիֆիկացումը զարգացնելու գործում աջակցություն ցուցաբերելն է` ստեղծելով խթաններ և այլընտրանքային ապրուստի միջոցներ, պահպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները` նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև աղքատության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ Սյունիքի մարզում:




