Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
31.08.2015
Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարվա մեկնարկը մեզանում միշտ էլ եղել է սպասված, հաճելի պահերով ու տոնական տրամադրությամբ առլեցուն, քանզի այն ծնողների համար նորացված սպասումներին, նվիրական երազանքներին ու նպատակներին հասնելու մի նոր տարեշրջան է հանդիսանում, աշակերտների համար՝ նոր ձեռքբերումների ճանապարհին գիտելիքների հարստացման անկրկնելի հնարավորություն: Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ գալիս է դարերից և փոխանցվում է սերնդե-սերունդ: Յուրաքանչյուր մեկնարկող ուսումնական տարին մի նոր հնարավորություն է` մեր ոսկեղենիկ այբուբենը յուրացնելու, խորը ու կայուն գիտելիքներ ձեռք բերելու, կարողություններն ու իմացությունը բազմապատկելու համար, որոնց շնորհիվ կարելի կլինի օժանդակել մեր մարզի տնտեսական զարգացմանն ու մեր օջախների շենացմանը:
Սիրելի դպրոցականներ, ես հավատում եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի նպաստ եք բերելու ձեր դպրոցի, ձեր համայնքի, մեր մարզի զորացման ու հզորացման գործընթացին:
Հարգելի մանկավարժներ, բարձր գնահատելով ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման գործում` համոզված եմ, որ ձեր սաների հոգում վեհ ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար արել եք և այսուհետ անելու եք ամեն հնարավորը, որպես կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ:
Ի պատասխան Ձեր նվիրական աշխատանքի, հավաստիացնում եմ, որ մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են ձեզ համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու և ուսումնական տարվա խաղաղ ու ռիթմիկ ընթացքն ապահովելու համար:
Սիրելիներս, ամենայն սիրով, ու ամենաջերմ բարեմաղթանքներով ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին: Թող գիտելիքի տաճար նրանց մուտքը բարեբեր լինի: Բարի երթ եմ մաղթում նրանց գիտության բարձունքներ տանող լուսավոր այդ ճանապարհին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, քանզի այս տոնն իր բովանդակությամբ տոնական տրամադրություն է բերում բոլորիս ընտանիքներին, թակում է յուրաքանչյուրիս դուռը և հյուրընկալվում առանձնահատուկ սիրով:
Բարի երթ նոր ուսումնական տարում: