Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
31.08.2015
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության կողմից պահուստային ֆոնդից մարզին հատկացված միջոցներով իրականացվելիք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների և այլ ծրագրերով մարզում իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքը, իսկ նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը զեկուցեց Գետափ համայնքի գյուղամիջից դպրոց և մանկապարտեզ տանող, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքի մասին և նշեց, որ կատարվում են փոսալցման աշխատանքները, առաջիկայում կիրականացվի նաև ասֆալտապատման աշխատանքները: Նշենք, որ ճանապարհի ասֆալտապատման հարցը Գետափ համայնքի բնակիչները բարձրացրել էին ՀՀ Վայոց ձորի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշեց, որ մարզի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին և տեղեկացրեց, որ մարզպետարանի պաշտոնյաները սեպտեմբերի 1-ին կայցելեն հանրակրթական հաստատություններ, մասնակցելու Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին: Մարզպետը բոլորին հանձնարարեց՝ դպրոցներ ներկայանալ հավուր պատշաճի և մարզային իշխանությունների անունից շնորհավորել բոլոր մանկավարժներին և աշակերտներին, ինչպես նաև ճշտել՝ թե նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ինչպիսի խնդիրներ են եղել կամ ինչ նոր խնդիրներ են առաջացել դպրոցներում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզում բերքահավաքի ընթացքին և ըստ նախապես ներկայացված պահանջի՝ համայնքների գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ քանակի աշնանացան սերմացու մարզ ներկրելուն վերաբերող հարցերը:
Մարզի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ, ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը: