Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող ,,Լավագույն մարզական ընտանիք 2015,, մրցույթի հանրապետական փուլ անցած Վայոց ձորի ընտանիքներին
31.08.2015
Օգոստոսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող ,,Լավագույն մարզական ընտանիք- 2015,, մրցույթի հանրապետական փուլ անցած Վայոց ձորի մարզի 13 ընտանիքներին և շնորհավորեց նրանց եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Վայոց ձորում ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի առաջին` տարածաշրջանային փուլն անցկացվել է հունիսի 1-10-ը, որին մասնակցել է 122 ընտանիք, իսկ հունիսի 25-27-ն անցկացված մարզային փուլին մասնակցել են նախորդ փուլում հաղթող ճանաչված 36 ընտանիքներ: ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի եզրափակիչ փուլ է անցել 13 ընտանիք: Նրանք սեպտեմբերի 6-12-ը Ծաղկաձորում կպայքարեն ՀՀ Նախագահի մրցանակի համար:
Հարկ է նշել, որ արդեն 2-րդ տարին է, ինչ հանրապետական մրցույթին մասնակցում են հաշմանդամություն ունեցող ընտանիքներ և Վայոց ձորի մարզից ևս այս տարի եզրափակիչ փուլին կմասնակցի հաշմանդամություն ունեցող մեկ ընտանիք:
Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները ստանալու են դրամական պարգևներ: 1-ին տեղ զբաղեցած ընտանիքին տրամադրվելու է 150.000 դրամ, 2-րդ տեղ զբաղեցրած ընտանիքին` 130.000 դրամ և 3-րդ մրցանակային տեղն զաբաղեցրած ընտանիքը կստանա 100.000 դրամ:
,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի Վայոց ձորի մարզի մասնակից ընտանիքների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ մրցույթը պետական նշանակության միջոցառում է:
-Արդեն 12 տարի է, ինչ մեր հանրապետությունում անցկացվում է ՀՀ Նախագահի մրցանակի համար ամենամյա ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթը: Այս մրցույթն առողջ ապրելակերպի, մարզական կյանքով ապրելու գաղափարի քարոզման և տարածման հրաշալի հնարավորություն է: Նման միջոցառումները նպաստում են մեր ապագա սերունդների առողջության պահպանմանը: Մաղթում եմ ձեզ մարտական տրամադրություն և հաղթանակ,- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Սարգսյանը:
Հանդիպման ավարտին մարզպետը մրցույթի մասնակիցներին նվիրեց ,,Վայոց ձոր,, անվամբ մարզահագուստներ: