Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

28.08.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրենը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները և փոխտնօրենները:
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Նա նախ ներկայացրեց հյուրերին, ապա շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսելով մարզի կրթական համակարգի 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին նշեց, որ մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում` 14 հիմնական, 36 միջնակարգ, որոնցից 2 վարժարան և 3 ավագ դպրոց, 24 նախակրթարան: Քաղաքային և գյուղական համայնքներում գործում է 17 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 1052 երեխա 41 խմբով: 2014-2015 ուստարում մարզի դպրոցներում սովորել են 6683 աշակերտներ, 491 դասարանով: Մարզային ենթակայությամբ գործող 47 դպրոցներում աշխատում են 983 ուսուցիչներ, որոնցից 851-ը ունեն բարձրագույն կրթություն (86%): Տարբեր առարկաների գծով իրականացրել է 130 ուսուցիչների վերապատրաստում: Առաջին աստիճանի տարակարգ են ստացել 41 ուսուցիչներ:
ՀՀ Վայոց ձորի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին տարբեր առարկաների գծով մասնակցել են 42 աշակերտներ, որոնցից 7-ը արժանացել են դիպլոմների և գովասանագրերի: Վարչության պետը փաստեց, որ մարզում հանրակրթությունից դուրս մնացած, ինչպես նաև երկտարեցի երեխաներ չկան: Պետական ԲՈՒՀ դիմած շրջանավարտների 30%-ն ընդունվել են տարբեր ուսումնական հաստատություններ: 2015-2016 ուսումնական տարում 1-ին դասարան կհաճախեն 696 երեխաներ: Մարզի 6 դպրոցներում (Եղեգնաձորի թիվ 2, Ջերմուկի թիվ 1, Ջերմուկի թիվ 3, Վայքի հիմնական, Շատինի միջնակարգ և Ջերմուկի ավագ դպրոցներ) իրականացվում է ներառական կրթություն, որոնցում ընդգրկված են 86 աշակերտներ: Վայոց ձորի մարզը համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի նահանգների հետ: Այդ համագործակցության շրջանակներում կազմակերպվել են նաև կրթամշակութային միջոցառումներ և աշակերտական խմբերի փոխանակումներ: Համագործակցության շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևի հետ ներկա է գտնվել Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կ. Հարությանը:
Փոխնախարարն անդրադարձավ 12-ամյա հանրակրթական ուսուցման և ներառական կրթության խնդիրներին: Անդրադարձ կատարեց նաև դպրոցների կառավարման խուրհուրդների ձևավորման կարգի փոփոխություններին, դպրոցների ղեկավարների կողմից բյուջեի կազմման և հաշվետվության, ինչպես նաև ներքին գնահատման ցուցանիշերի ներկայացման հրապարակայնության ապահովման խնդիրներին: Կ. Հարությունյանը խոսեց նաև ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար անհարգելի բացակայությունների շեմի անցումից հետո առաջացող խնդիրների մասին: Ելույթի վերջում Կ. Հարությունյանը շնորհավորեց բոլորին գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց աշխատանքային հաջողություններ:
ՀՀ ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը ներկայացրեց կրթական վարկային ծրագրով իրականացվելիք ծրագրերը:
Խորհրդակցության ընթացքում հնչեցին հայտարարություններ, եղան առաջարկություններ:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը խոսեց ոլորտում առկա խնդիրների և գրանցված հաջողությունների մասին:
Մարզպետը նշեց, որ սեպտեմբերի 1-ին մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջույնը բերելով ուսուցիչներին ու աշակերտներին և հանձնարարեց դպրոցի տնօրեններին՝
,, Անել ամեն բան ուսման որակը բարձրացնելու, դպրոցներին հատկացված ֆինանսական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պետական ծրագիրը ձեր ղեկավարած դպրոցներում հաջողությամբ իրականացնելու նպատակով: Գիտելիքի և դպրության օրը նշել պատշաճ հանդիսավորությամբ:
Պատշաճ ձևով մեծարել թոշակի անցած և անցնող ուսուցիչներին, նրանց օրենքով սահմանված կարգով ճանապարհել վաստակած հանգստի:
Բացառել ամեն տեսակ դրամահավաքության դեպքերը, բացառությամբ դասագրքերի վարձավճարների:
Սահմանված կարգով անցկացնել ուսուցչի թափուր տեղի համար իրականացվող մրցույթները:
Աշխատանք տանել ՀՀ կրթության պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներից անհրաժեշտ հետևություններ անելու, արձանագրված խախտումները բացառելու և թերությունները շտկելու ուղղությամբ:
Անհաժեշտ եմ համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել դպրոցական փաստաթղթերն անթերի վարելու և ուսումնական տարվա ընթացքում ծագած խնդիրների մասին տեղյակ պահելու և արագ լուծումներ գտնելու մասին,,:

Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը ևս մեկ անգած շնորհավորեց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:04:53