Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
17.08.2015
Օգոստոսի 17-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանին շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթեց առողջություն, անձնական երջանկություն և աշխատանքային հաջողություններ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետը նշեց, որ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, հանդիպում է ունեցել Վայքի բնակիչների հետ, այնուհետ այցելել է Գնդեվազ համայնքում գործող ,,Էկոֆարմ,, ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: ,,Էկոֆարմ,, ՍՊԸ-ն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող:
Մարզպետը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Շինարարական աշխատանքների ընթացքում կբացվի 1300, աշխատատեղ, իսկ հանքի շահագործման ընթացքում՝ 770: Ներկայացվել է, որ ինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Մարզպետը նշեց, որ օգոստոսի 16-ին վարչապետը հանդիպել է մարզի քաղաքային Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքների ղեկավարների հետ և քննարկել քաղաքների զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները և հավելեց, որ գյուղական համայնքների զարգացման ծրագրերի մասին քննարկում եղել էր նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ վարչապետի այցելության ընթացքում:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացված 300մլն. դրամի շրջանակում իրականացվելիք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց՝ ամենօրյա ուշադրություն դարձնել նշված ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների արագ լուծմանը:
Այնուհետև քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները:
Նախորդ շաբաթվա կատած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան նաև աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Ոլորտային խնդիրների լուծման նպատակով ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ: