Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ՀՀ Վայոց ձորի մարզ
17.08.2015
Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ:
Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող ,,Էկոֆարմ,, ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ:
Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը պատկանում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող ,,Գեոթիմ,, ընկերությանը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես՝ ,,Գեոթիմ,, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար:
Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ ,,Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն,, անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը:
Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և ,,Զատիկ,, մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:
Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:
Աղբյուրը՝ gov.am, 16.08.2015
Նշենք, որ Վայոց ձորի մարզ այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: