Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
07.08.2015
Հարգելի շինարարներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել շինարարի աշխատանքը, հարգանքով է վերաբերվել շինարարներին, հոգատարությամբ պահպանել նրանց կառուցածը, որոնցով դարեր շարունակ հպարտացել է և աշխարհին ներկայացել պատմամշակութային հուշարձաններով ու կոթողներով, ինչպես նաև քաղաքաշինական ճարտարապետությամբ:
Վայոց ձորի մարզի հարգելի շինարարներ, իրապես Վայոց ձորը հարուստ է պատմական նշանակության հուշարձաններով ու կոթողներով: Իսկ կառուցման ավանդույթները դարերով պահպանվել և այսօր էլ շարունակվում են հարստանալ: Համոզված եմ, որ Ձեր միջոցով գալիք սերունդներին են փոխանցվելու շինարարական արվեստի ազգային արժեքներն ու կառուցման ավանդույթները:
Հարգելիներս, Ձեր ուժերով մեր մարզում իրականացվում են բազմաթին պետական ծրագրեր, կառուցվում և հիմնանորոգվում են առողջապահական, կրթական, մշակութային, մարզական և մարզի կենսագործունեության համար անհրաժեշտ այլ շինություններ: Կառուցվում և նորոգվում են ներմարզային ու համայնքային ճանապարհներ ու փողոցներ, ջրատարներ ու գազատարներ, որոնք նպաստում են մարզի բնակչության կենցաղավարության աստիճանական բարելավմանը:
Հարգելի շինարարներ, մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ ստեղծագործական միտք, նոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ և աշխատանքային հաջողություններ:
Թող հարատև հնչի վայոցձորցի շինարարի մուրճի զրնգուն ձայնը, ազդարարելով՝ մեր կյանքի շենացումն ու մարզի լինելիությունը: