Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շատին համայնքում կառուցվում է առողջապահական ամբուլատորիայի նոր շենք
06.08.2015
Օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ" պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանը աշխատանքային այցով Վայոց ձորի Շատին համայնքում էին: Այցի նպատակը Շատին համայնքում կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և Շատինի համայնքապետ Մարատ Սմբատյանը:
Առողջապահական ամբուլատորիայի շենքը կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:
Վայոց ձորի Շատին համայնքի գործող առողջապահական ամբուլատորիան կառուցվել է 1958 թվականին: Հաշվի առնելով այն փաստը, որ շենքը սեյսմակայուն չէ և վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէին, որոշում կայացվեց կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հուլիսի 13-ին: Նշենք, որ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, համաձայն կնքված պայմանագրի, նախատեսված է ավարտին հասցնել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:
Մարզպետ Հ. Սարգսյանը և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Ն. Զուլոյանը այցելեցին Շատինի գործող առողջապահական ամբուլատորիա, ծանոթացան աշխատանքային պայմաններին: Նշենք, որ համայնքում գործող ամբուլատորիան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնք:
Բուժանձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ կառուցվող ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը հետաքրքրվեց համայնքում տրամադրվող բուժօգնության, առողջապահության ոլորտի ազգային ծրագրերի իրականացման, պատվաստումների, անվճար տրամադրվող դեղորայքների հետ կապված հարցերով: Ն. Զուլոյանը նշեց նաև, որ նորակառույց ամբուլտորիային կտրամադրվի բժշկական կահույք: