Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Վայոց ձորի մարզում

28.07.2015

 Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով այսօր Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում  կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը:  Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ): Օրհնության խոսք է հնչեցրել  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում ողջունել է Համահայկական խաղերի խորհրդանշական ջահի ներկայությունը մարզում և մասնավորապես նշել՝ ,, Այսօր, հուլիսի 28-ին, Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր:
Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով:
Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթող լինելու փաստի:
Սիրելի հայրենակիցներ, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ հանգրվանը Արարատի մարզն է: Իսկ օգոստոսի 2-ին` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ողջ հայությունն այս հրաշալի մարզական իրադարձության բացման արարողության ականատեսը կլինի: Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդգրկված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում:
Սիրելի հայրենակիցներ, հաջողություններ ու հաղթանակ եմ մաղթում Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական ամառային 6-րդ խաղերին բարի և հաջող մեկնարկ, իսկ ջահակրին` բարի երթ դեպի Արարատի մարզ,,: 
Հանդիսությանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ Վայոց ձորի մարզում համահայկական խաղերի ջահի տեղափոխման պատիվը վերապահվել է եղեգնաձորցի մարզիկ Հրայր Առաքելյանին:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահի դիմավորման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգային ծրագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28