Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց վիտրաժի աշխատանքների ցուցահանդեսին
22.07.2015
Հուլիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից` "Վիտրաժի անվճար դասընթացներ" ծրագրի շրջանակներում կազմակերպված վիտրաժի (նկարչություն ապակու վրա) ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված էին դասընթացին մասնակցած 11 երիտասարդների ավելի քան 50 աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցների, մշակութային հաստատությունների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ:
Մարզպետ Հ. Սարգսյանը, ողջունելեով նախաձեռնությունը, կարևորեց երիտասարդների բազմակողմանի մասնագիտական հմտությունների ձեռք բերման և զարգացման հնարավորությունները: Հ. Սարգսյանը նշեց նաև, որ նման դասընթացների առաքելությունը կայանում է ոչ միայն մասնագիտություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու մեջ, այլև սա հիանալի հնարավորություն է նոր ծանոթությունների և երիտասարդների` միմայանց հետ շփվելու համար:
ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ սա կենտրոնի կողմից կիրառական արվեստի ոլորտում իրականացրած միակ դասընթացը չէ: Կենտրոնում կազմակերպվել են նաև բատիկայի (նկարչություն կտորի վրա) ու պլաստիկ կավի անվճար դասընթացներ: Հ. Մարգարյանի տեղեկությամբ դասընթացներն անվճար են և ֆինանսավորվում են ՀԵՀ-ի կողմից:
Ցուցահանդեսի ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց, որոնք պատրաստվել էին ՀԵՀ-ի կողմից:
Դասընթացի մասնակիցներն իրենց հերթին անակնկալ էին պատրաստել: Երիտասարդները հայկական բնաշխարհը պատկերող վիտրաժի աշխատանք նվիրեցին մարզպետ Հարություն Սարգսյանին:
Տեղեկացնենք, որ դասընթացն անցկացվել է 2015 թվականի մայիսի 18-ից հունիսի 25-ը, որին մասնակցել են անապահով ընտանիքների 11 երիտասարդներ:
Սա հիանալի հնարավորություն է նոր մասնագիտություն ձեռք բերելու և անապահով երիտասարդների զբաղվածության խնդիրը լուծելու առումով: