Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ՌԴ Արխանգելսկի մարզի մանկատան սաների ացը ՀՀ Վայոց ձորի մարզ
02.07.2015
Ինչպես հայտնի է, ՌԴ Արխանգելսկի մարզի կառավարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հունիսի 25-ից հուլիսի 2-ը փոխադարձ այցով Վայոց ձորի մարզում էին Արխանգելսկի մարզի մանկատան սաները: Մանկատան սաներն իրենց հանգիստն անցկացրել են Ջերմուկի "Արարատ" մոր և մանկան առողջարանում: Երեխաները, համապատասխան բժշկական զննում անցնելուց հետո, ընդունել են նաև բուժման կուրսեր:
Հունիսի 26-ից 28-ը երեխաների համար կազմակերպվել են շրջայցեր Ջերմուկի տեսարժան վայրեր:
Երեխաներն այցելել են Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր և Սբ. Գայանե եկեղեցի: Հատկանշական է, որ Սբ. Գայանե եկեղեցում, երեխաների այցի ժամանակ, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ մկրտության կարգ էր անցկացվում և երեխաները հնարավություն ստացան ծանոթանալու Հայ Առաքելական Եկեղեցում անցկացվող մկրտության կարգին:
Երեխաներն այցելել են նաև "Ջրահարսի վարսեր" Ջերմուկի մեծ ջրվեժ, Ջերմուկի ճոպանուղի, ինչպես նաև եղել են Կեչուտի ջրամբարում:
Հունիսի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ, երեխաներն այցելել են Նորավանքի վանական համալիր, որտեղ հանդիպեցին Նորավանքի հոգևոր հովիվ տեր Սահակ քահանա Մարտիրոսյանին: Երեխաները ստացան Տեր Սահակի օրհնությունը, իսկ որպես Նորավանք կատարած այցի հիշատակ` Դադիվանքը և Նորավանքը պատկերող լուսանկարներ:
Երեխաները եղել են նաև մարզկենտրոն Եղեգնաձորում և այցելել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան: Այնուհետև երեխաները մեկնել են Մալիշկայի համայնք` Մ.Վ. Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրինության և աշակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար: Հարկ է նշել, որ միջոցառումը նվիրված էր Մ.Վ. Լոմոնոսովին: Մանկատան սաների համար կազմակերպված համերգը համեմված էր ռուսական և հայկական ժողովրդական երգերով և հետաքրքրաշարժ խաղերով:
Հուլիսի 1-ին երեխաներն այցելել են Ջերմուկի պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայկական կերպարվեստի նորագույն շրջանի շուրջ 100 գեղանկարներ և քանդակներ: Պատկերասրահում երեխաները ներկայացրել են իրենց ուժերով պատրաստված փոքրիկ համերգային ծրագիր:
Հարկ է նշել, որ երեխաները տպավորված են իրենց Հայաստան կատարած այցից, որի ընթացքում հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու հայկական մշակույթին, արվեստին և պատմությանը:
Այսօր` հուլիսի 2-ին, երեխաները կվերադառնան ՌԴ Արխանգելսկի մարզ: