Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրգանական մեղվապահության և ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում
23.06.2015
Օրգանական սնունդն աշխարհում լայն ճանաչում և կիրառում ունի: Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, սակայն դա չի խանգարում որպեսզի այն իր ուրույն տեղը զբաղեցնի մեր հանրապետությունում:
Այդ մասին է վկայում օրերս Վայոց ձորում մեկնարկած <<Օրգանական մեղվաբուծության զարգացումը>> ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Եղեգնաձորում գործող <<Տուրիզմի զարգացման կենտրոն>>-ը` Եվրոպական միության աջակցությամբ:
Հայաստանը օրգանական սնունդ արտադրելու մեծ ներուժ ունի՝ հատկապես հաշվի առնելով նախալեռնային ու լեռնային տարածաշրջանների հնարավորությունները:
Ծրագրի նպատակներից է օրգանական մեղվաբուծության` որպես Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ճյուղերից մեկի, զարգացումը, ինչպես նաև օժանդակումը՝ մեղր արտադրող տնտեսություններին` օրգանական մեղր ստանալու սկզբունքներին և հմտություններին տիրապետելու հարցում:
<<Օրգանական մեղվաբուծության զարգացում>> ծրագիրն իրականցվելու է Վայոց ձորի Հորս, Գողթանիկ և Արտավան համայնքներում, իսկ ծրագրի արդյունավետ իրագործման դեպքում հնարավոր կլինի նաև ընդլայնել ծրագրի շրջանակները:
Ծրագրի կարևոր կետերից է օրգանական մեղրի արտահանման հիմնախնդրի լուծումը: Աշխարհում օրգանական մթերքն ավելի թանկ է, իսկ եվրոպական երկրներում ներկայումս օրգանական մեղրի պահանջարկը մեծացել է:
Ծրագրի շրջանակներում հայ մեղվաբույծների հետ աշխատանքներ կտարվեն եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք ստանալու ուղղությամբ, որը սերտիֆիկացնելուց հետո հնարավոր կլինի օրգանական մեղրի արտահանումը, ինչը որոշ չափով կլուծվի նաև Հայաստանի օրգանական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման և գործարար կապերի հաստատման հարցը: Սա շատ բարդ և աշխատատար գործընթաց է, ինչը նաև ենթադրում է մեղվաբուծության դասական մեթոդների վերանայում: Իսկ իրականացվող ծրագրի շրջանակներում` վերոնշյալ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններում գործնական աշատանքների իրականացման արդյունքում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների:
Ծրագրի բաղադրիչներից է նաև ագրոտուրիզմի զարգացումը Վայոց ձորում:
Ագրոտուրիզմը ենթադրում է զբոսաշրջիկների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում`ակտիվ հանգստի նպատակով: Զբոսազրջիկները նման հանգստի պայմաններում ակնկալում են ծանոթանալ գյուղական միջավայրին, կյանքին, ապրելակերպին, տեղի ավանդույթներին, ծեսերին և շփվել բնության հետ: Իսկ Վայոց ձորը, իր պատմամշակութային ժառանգությամբ և բնության բազմազանությամբ ամենահարուստ մարզերից մեկը լինելով, զբոսաշրջության զարգացման և ընդլայնման համար լայն հնարավություններ ունի: